«էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հուլիսի 8, ՀՕ-176-Ն, այսուհետ՝ «Օրենք»)  49-րդ հոդվածի 1-ին մասը լրանցել նոր նախադասությունով՝

«Օպերատորները և ծառայություն մատուցողները իրավունք ունեն հավաքագրել ու պահպանել իրենց հաճախորդների ու վերջիններին մատուցված ծառայությունների մասին միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ծառայություններ մատուցելու և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները հաշվարկելու եւ գանձելու համար։»։

Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով.

«3. Ծառայություն մատուցողը ծառայություններ մատուցելիս պետք է դրսեւորի տեխնիկական չեզոքություն եւ բացառի տեխնիկական անհրաժեշտությամբ չպայմանավորված որևէ հեռահաղորդակցային հոսքի (տրաֆիկին) նախապատվություն տրամադրելը կամ ստորադասելը։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում 

Հայաստանի Հանրապետության «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում առաջարկվող լրացումները բխում են ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի պահանջներից, որը երաշխավորում է ազատ տնտեսական մրցակցությունը։ Դեռեւս 2000թ. սկզբին աշխարհում նկատվել են ցանցային օպերատորների կողմից էլեկտրոնային բովանդակության մատակարարների հանդեպ խտրական մոտեցումներ։ 

Բովանդակություն մատուցող ընկերությունները (որոնման համակարգեր, սոցիալական ցանցեր, առցանց տեսաձայնային ծառայություններ) ստիպված էին լրացուցիչ գումարներ վճարել ցանցի օպերատորներին տեղեկատվական հոսքերը «արտոնյալ պայմաններով» հաղորդելու համար։ Ցանցի օպերատորները պատշաճ թողունակություն ապահովելու փոխարեն արգելակում կամ խոչընդոտում էին որոշակի բովանդակություն ապահովող ընկերությունների հոսքերը ի օգուտ այն բովանդակություն մատուցող ընկերությունների, որոնք լրացուցիչ վճար էին հատկացնում ցանցի օպերատորներին։ Շատ անգամ նման խոչընդոտները արհեստական էին, բացառապես գերշահույթ ստանալու համար։ Արդյունքում՝ օպերատորները խուսափում էին ցանցը զարգացնելու համար անհրաժեշտ ներդրումներ կատարելուց, ինչը բացասականորեն էր ազդում ծառայությունների որակի վրա և ի վերջո տուժում էին վերջնական սպառողները։ 

Տնտեսությունում ու հասարակական կյանքում օրեցօր աճող տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը պարտադրում է ապահովել ցանցերի զարգացումը ու բացառել խտրականությունը որպես գերշահույթ ստանալու միջոց։ Վերոնշյալ անարդար մրցակցության դրսևորումները առաջին հերթին վնասում եմ համեմատաբար փոքր ընկերություններին։ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը նոր՝ 3-րդ մասով լրացնելը կբացառի հաղորդակցային հոսքերի՝ տրաֆիկի խտրական բաշխումը ու արհեստական վատթարացումը և կհաստատի արդար մրցակցային պայմաններ ցանցի շահագործման ու բովանդակության մատուցման ծառայությունների շուկաներում։ 

Օրենքի 49-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են և բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածի և Եվրոպայի Խորհրդի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներից։ Չնայած վորոնշյալ պայմանները ամրագրված են «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում դրանք տեղ չեն գտել «Էլկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում և հետևաբար բացակայում են շուկայի մասնակիցների լիցենզավորման պայմաններում։

Առաջարկվող լրացումը կոչված է վերացնել այդ բացը և ուժեղացնել անձանց սահմանադրական ու միջազգային պարավորություններով նախատեսված իրավունքի պաշտպանությունը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում։ Տնտեսվարող սուբյեկտները ավելի ուշադիր կլինեն անձանց տվյալների հանդեպ իմանալով, որ խախտումը կարող է  առաջացնել ոչ միայն անձնական տվյալների պաշտպանությունը պատշաճ չապահովելու համար վարչական տույժ, այլ նաև լիցենզիայի կասեցում կամ դադարեցում։