Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 189.17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 189.17. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը

1. Անձնական տվյալների հավաքման կամ ձայնագրման կամ մուտքագրման կամ համակարգման կամ կազմակերպման կամ ուղղման կամ պահպանման կամ օգտագործման կամ վերափոխման կամ վերականգնման կամ փոխանցման օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ իրենց տարեկան եկամտի 0.1 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ 

2. Անձնական տվյալները ոչնչացնելու կամ ուղեփակելու օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ իրենց տարեկան եկամտի 0.1 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

3. Անձնական տվյալներ հավաքելու ընթացքում անձնական տվյալների սուբյեկտի պահանջով մշակողի կողմից օրենքով նախատեսված տեղեկատվություն չտրամադրելը կամ տրամադրման կարգը խախտելը կամ չտրամադրելու պատճառներն ու հետևանքները չպարզաբանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ իրենց տարեկան եկամտի 0.05 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս քան սահմանված նվազագույն աշխատավարձի  հինգհարյուրապատիկի չափով:

4. Անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին չծանուցելը կամ ծանուցման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ իրենց տարեկան եկամտի 0.1 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս քան սահմանված նվազագույն աշխատավարձի  հազարապատիկի չափով:

5. Անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնագրման միջոցներ չօգտագործելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ իրենց տարեկան եկամտի 0.05 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս քան սահմանված նվազագույն աշխատավարձի  հինգհարյուրապատիկի չափով:

6. Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները, կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչներին և տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալները պահպանելու տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝  ֆիզիկական անձանց նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով,  իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ իրենց տարեկան եկամտի 0.1 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

7. Անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում կամ դրա ավարտից հետո անձնական տվյալներ մշակողների կամ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ անձանց կողմից անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

8. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե լիազոր մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում կամ մինչև վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը նա վերացրել է իր թույլ տված խախտումը և լիազոր մարմին է ներկայացրել ապացույցներ այդ մասին:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: