Համացանցի ազատության և թվային իրավունքի մասին օրենսդրական առաջարկների քննարկում /տեսանյութ/

Հունիսի 25-ին «Թվային օրակարգ» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ հեռավար քննարկում, որը նպատակ ուներ շահագրգիռ կողմերին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում համացանցի ազատությանը և թվային իրավունքների խթանմանը նպաստող օրենդրական առաջարկների փաթեթը։

Միջոցառումը կազմակերպվել էր «Համացանցի ազատության և իրավունքների պաշտպանության ծրագրի շրջանակներում, որն էլ «Քաունթերփարթ ինթերնեշնլի» միջազգային կազմարեպության կողմից իրականացվող ծրագրի մաս է կազմում և ֆինանսավորվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Գրանդլեքս» իրավախորհդատվական ընկերության տնօրեն, ծրագրի ղեկավար Մովսես Հակոբյանը՝ մասնակիցներին ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակներն ու նախաձեռնությանը միացած անդամ կազմակերպություններին։ Նա մասնավորապես նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2020թ․-ի մայիս ամսից և այս կարճ ժամանակահատվածում հաջողվել է ձևավորել համախոհների կոալիցիա, որը բաղկացած է վեց կազմակերպություններից։

Նույն ժամանակահատվածում նախաձեռնության փորձագետ, իրավաբան Դավիթ Սանդուխչյանի կողմից մշակվել է թվային իրավունքների ուղղությամբ առաջնահերթությունների օրակարգ, որի հիման վրա էլ մշակվել են երեք օրենսդրական ակտերի նախագծեր։ Նախագծերը առնչվում են համացանցի չեզոքությանը, անձնական տվյալների պաշտպանության ինստիտուտին և անձնական տվյալների խախտման դեպքում իրավանաբական անձնանց պատասխանատվության սահմանմանը (առաջարկները հասանելի են Digitalagenda.am կայքում):

Իրավաբան Դավիթ Սանդուխչյանը մասնակիցների ուշադրությանը համապարփակ ներկայացրեց օրենսդրական ակտերի նախագծերը և նախաձեռնության տեսլականը, նշելով, որ ներկայացվող թվային իրավունքների ուղղությամբ առաջնահերթությունների օրակարգը մշակվել է հաշվի առնելով եվրոպական նույնանման փաստաթուղթը (European Digital Rights Agenda):

Հարց ու պատասխանի հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց դիտողություններն ու հարցերը հնչեցնել նախագծերի վերաբերյալ՝ ստանալով փորձագետների սպառիչ պատասխանները։

Միջոցառման կազմակերպիչները տեղեկացրին, որ տվյալ քննարկման ընթացքում հնչեցված առաջարկները հաշվի կառնեն և հույս հայտնեցին, որ սույն նախաձեռնության արդյունքները դրական ազդեցություն կունենան շահառուի վրա՝ ցանկացած քաղաքացու, ով օգտվում է համացանցից կամ որևէ կերպ համացանցում կիսում է իր անձնական տվյալները։

Հաջորդ քայլով նախատեսվում է առաջարկների փաթեթը ներկայացնել օրենսդրի ուշադրությանը։

Հեռավար քննարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ։