ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
«4. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով կարող են սահմանվել անձնական տվյալներ մշակելու, հսկողություն իրականացնելու առանձնահատկություններ։ Սույն օրենքով սահմանված նորմերի վերահսկողությունը իրականացնում է Անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ նաև՝ «Հանձնաժողով»)։»։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 18-րդ կետով, հետևյալ խմբագրությամբ՝
«18) Հանձնաժողովը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով եւ սույն օրենքով սահմանված սկզբունքներին եւ կարգին համապատասխան ձևավորված ինքնավար պետական մարմին է։»։
Հոդված 3. Օրենքում կիրառված «անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին» կամ «լիազոր մարմին» բառակապակցությունները կամ դրա հոլովաձեւերը փոխարինել «Հանձնաժողով» բառի համապատասխան հոլովաձեւերով։
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Հոդված 24. Անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը
1. Անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնում է ինքնավար պետական մարմինը՝ Անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը։ Հանձնաժողովը գործում է անկախ՝ օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա։
2. Հանձնաժողովը ինքնավար մարմին է, որը ձևավորվում է Ազգային Ժողովի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով եւ սույն օրենքով սահմանված սկզբունքներին ու կանոններին համապատասխան։
3. Հանձնաժողովը կազմված է երեք անդամից՝ նախագահ եւ երկու անդամ։ Հանձնաժողովի անդամները նշանակվում են Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով՝ Հանձնաժողովի անդամ:
4. Հանձնաժողովի անդամների և նախագահի թեկնածությունները կարող են առաջադրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից։
5. Հանձնաժողովի անդամ կարող է առաջադրվել բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, որն ունի պետական, առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում առնվազն տաս տարվա աշխատանքային փորձ, որոնցից առնվազն հինգը ղեկավար պաշտոններում։
6. Հանձնաժողովի անդամների թեկնածուները պետք է ունենան իրավապաշտպան ոլորտում յոթ տարուց ոչ պակաս գործունեության փորձ ունեցող առնվազն հինգ հասարակական կազմակերպության երաշխավորագիր։ Երաշխավորագրերը ներկայացվում են քվեարկությունից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։ Ազգային ժողովը հրավիրում է թեկնածուներին Ազգային ժողովում իրենց թեկնածության հետ կապված պատգամավորների հարցերին պատասխանելու և իրենց թեկնածության վերաբերյալ ելույթ ունենալու նպատակով։ Հարգելի պատճառներով թեկնածույի չներկայանալը նրան նշանակելու արգելք չի հանդիսանում։
7. Հանձնաժողովի անդամները եւ նախագահը նշանակվում են հինգ տարի ժամկետով` բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի։ Հանձնաժողովի առաջին կազմը նշանակվում է հետևյալ կանոններով.
ա) քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն նշանակվում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ հինգ տարի ժամկետով։
բ) քվեարկության արդյունքում միջին թվով ձայներ ստացած թեկնածուն նշանակվում է Հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով.
գ) քվեարկության արդյունքում նվազագույն ձայներ ստացած թեկնածուն նշանակվում է Հանձնաժողովի անդամ՝ երկու տարի ժամկետով։
8. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը: Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով նշանակվում է Հանձնաժողովի նոր անդամ` պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:
9. Բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի, Հանձնաժողովի հերթական կազմում նախագահ է նշանակվում Հանձնաժողովի կազմում առավել երկար ժամանակ աշխատած անդամը։
10. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել.
1) անձը, որը դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունն սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը։
11. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
12. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում.
1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
2) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.
3) դադարեցվել է նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
4) նա ներկայացրել է հրաժարական.
5) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
6) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
7) նա մահացել է:
13. Հանձնաժողովի անդամի լիազորությունները հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝
1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.
2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.
3) նա մեկ տարվա ընթացքում ավելի, քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.
4) նա խախտել է հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.
5) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:
14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։ Նիստերը կայանում են ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով վարչարարության ժամկետները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կանոնները։ Նիստերում քննարկվող հարցերը առաջարկում են Հանձնաժողովի անդամները։ Նիստերի անցկացումը կազմակերպվում է Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը կանոնակարգվում է սույն օրենքով և հանձնաժողովի որոշումներով:
15. Կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
16. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատում է Կառավարությունը՝ Հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ Հանձնաժողովը։»։
Հոդված 5. Օրենքը լրացնել 24.1-րդ հոդվածով հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 24.1. Անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովի իրավասությունները
1. Հանձնաժողովը՝
1) իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա անցկացնում է սույն օրենքի պահանջներին անձնական տվյալների մշակման համապատասխանության ուսումնասիրություններ և ստուգումներ.
2) սույն օրենքի պահանջների խախտման դեպքում կիրառում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ.
3) պահանջում է արգելափակել, կասեցնել կամ դադարեցնել սույն օրենքի պահանջները խախտող անձնական տվյալների մշակումը.
4) օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մշակողից պահանջում է անձնական տվյալների ուղղում, փոփոխում, ուղեփակում կամ ոչնչացում.
5) անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ մշակողի ծանուցման ուսումնասիրության արդյունքում ամբողջությամբ կամ մասամբ արգելում է անձնական տվյալների մշակումը.
6) վարում է անձնական տվյալներ մշակողների ռեեստր.
7) իրավաբանական անձանց անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերը ճանաչում է բավարար պաշտպանության մակարդակ ունեցող և դրանք ներառում է ռեեստրում.
8) ստուգում է տվյալներ մշակելու համար օգտագործվող սարքերը և փաստաթղթերը, այդ թվում՝ առկա տվյալները և համակարգչային ծրագրերը.
9) օրենքով նախատեսված դեպքերում դիմում է դատարան.
10) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
11) պահպանում է իր գործունեության ընթացքում իրեն վստահված կամ հայտնի դարձած անձնական տվյալների գաղտնիությունը.
12) ապահովում է տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանությունը.
13) քննում է անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերով ֆիզիկական անձանց դիմումները և իր լիազորությունների սահմաններում ընդունում որոշումներ.
14) տարեկան մեկ անգամ ներկայացնում է Ազգային ժողովին իր գործունեության հաշվետվությունը՝ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ.
15) կատարում է հետազոտություններ և մշակողների դիմումների կամ լուսաբանումների հիման վրա տալիս տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն կամ տեղեկացնում է անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ լավագույն փորձի մասին.
16) իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացնում իր գործունեության ընթացքում քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ ի հայտ գալու դեպքում.
2. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական կամ ներքին (լոկալ) իրավական ակտեր: Անձնական տվյալների պաշտպանության Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով: Սույն հոդվածի առաջին մասին 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված իրավասություններին վերաբերող որոշումների դատական բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարման պարտականությունը։
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնասիրությունները եւ ստուգումները անցկացնելիս Հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի նորմերով։
4. Հանձնաժողովը անցկացնում է իր նիստերը դռնբաց, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական, ծառայողական, առևտրային, անձանց անձնական կյանքի գաղտնիք պարունակող հարցեր կամ Հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր: Հանձնաժողովը իր նիստերը կազմակերպում է ըստ անհրաժեշտության։ Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Հանձնաժողովի առնվազն երկու անդամ, և այն վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա կողմից լիազորված անդամը։»։
Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝
«Հոդված 29. Անցումային դրույթներ
1. Մինչև սույն օրենքով նախատեսված Հանձնաժողովի անդամների նշանակումը և Հանձնաժողովի աշխատակազմի ձևավորումը անձնական տվյալների պաշտպանության որորտում վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը։»։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: