Բացատրական հուշագիր համացանցի ազատության խթանմանն ուղղված ՀՀ օրենսդրության փոփոխությունների և լրացումների վերաբերյալ

1. Լրացումներ «Էլեկտրոնային  հաղորդակցության մասին» օրենքում

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում երկու լրացում է կատարվել` ապահովելու բաժանորդների գաղտնիությունն ու անանունությունը էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից օգտվելիս, ինչպես նաև ապահովելու ցանցի չեզոքության սկզբունքի իրագործումը:

Առաջարկվող փոփոխություններից առաջինը (հոդված 49, 1-ին կետ) ուղղված է կանխելու ծառայություններ մատուցողների կողմից այն թրաֆիկի (տեղեկատվական հոսքի) և հաղորդակցության տվյալների հավաքագրումն ու պահպանումը, որոնք անհրաժեշտ չեն հեռահաղորդակցական ծառայությունների մատուցման համար: Գործնականում, հեռահաղորդակցության ցանցի շատ օպերատորներ և ծառայություններ մատուցողներ հավաքագրում են այնպիսի թրաֆիկի և հաղորդակցության տվյալներ, որոնք կամ անհրաժեշտ չեն ծառայությունների մատուցման համար, կամ կարող են անհրաժեշտ չլինել որոշակի ցպահանջ ծառայություններ մատուցելու համար: Այս տվյալները սովորաբար պարունակում են բաժանորդների վարքագծի վերաբերյալ տեղեկատվություն (տեղեկատվական հոսքեր, բաժանորդների գտնվելու վայր, մուտքի ժամ/տեւողություն) և դրանք կարող են արտահոսել կամ հասանելի դառնալ հակառակորդների համար` ներառյալ ազգային և արտաքին հետախուզական ծառայություններ, առանց բաժանորդների և նույնիսկ հենց ծառայություններ մատուցողների իմացության և համաձայնության:

Երկրորդ փոփոխության նպատակն է կանխել ծառայություններ մատուցող կազմակերպությունների խտրական մոտեցումը տրաֆիկի որոշակի տեսակի կամ բովանդակության դեպքում: Հայաստանի հեռահաղորդակցության ներկայիս օրենսդրությամբ բացակայում է «ցանցի չեզոքության» սկզբունքը, որը հանդիսանում է համացանցի ազատության կարևոր բաղադրիչներից: Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինը (կարգավորող մարմին) հանձն է առել պահպանել ցանցի չեզոքության սկզբունքը, սակայն մինչ այժմ որևէ կարգավորում չի ընդունվել՝ սահմանելու ծառայություններ մատուցողների համար համապատասխան իրավական պարտավորություն: Առաջարկվող փոփոխությունը ամրագրում է, որ «ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ծառայություններ մատուցեն առանց տրաֆիկի տեսակի եւ արձանագրության նկատմամբ խտրականության` բացառությամբ այն դեպքերի, երբ դա տեխնիկապես անհրաժեշտ է և անխուսափելի է որոշակի տեսակի ծառայությունների դեպքում»:

Փաստաթղթի ամբողջական տարբերակին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ

2. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակն է ընդլայնել «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության» ինստիտուցիոնալ և ֆինանսական անկախությունը և սահմանել տվյալների պաշտպանության մարմնի ստեղծման և գործունեության սկզբունքների արմատական փոփոխությունները: Մասնավորապես, ըստ առաջարկվող փոփոխությունների հետեւում է՝

ա) Անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովի ստեղծում, որը կհանդիսանա կոլեգիալ մարմին` նշանակվելով Ազգային ժողովի կողմից, անձնական տվյալների պաշտպանության գործակալության փոխարեն, որի ղեկավարը նշանակվում է վարչապետի կողմից և, հետևաբար, գործադիրից լիովին անկախ չէ:

բ) Լրացուցիչ վարչական ընթացակարգերի ներդրում` հանձնաժողովի աշխատանքը առավել թափանցիկ դարձնելու ԶԼՄ-ների և հասարակության համար:

Սույն փաստաթղթի ամբողջական տարբերակին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները միտված են տուգանքներ կիրառել այն գործող տնտեսվարող սուբյեկտների (իրավաբանական անձանց) նկատմամբ, որոնք ենթակա չեն տույժերի՝ գործող օրենսդրության համաձայն: Գործող օրենսդրությամբ տուգանքները կարող են կիրառվել միայն ֆիզիկական անձանց նկատմամբ, նույնիսկ այն դեպքում, երբ խախտումը փաստացի կատարվել է իրավաբանական անձի կողմից: Եթե ընկերությունը օրենքը խախտելով հավաքագրել և մշակել է անձնական տվյալներ, ապա տուգանքը կիրառվում է ղեկավարության նկատմամբ, այլ ոչ թե ընկերության: Հնարավոր տուգանքները շատ ավելի փոքր են, քան ղեկավարության միջին աշխատավարձը, և դա հանգեցնում է հաճախորդների գաղտնիության սկզբունքի խախտման, զանգվածային անփութության և անպատժելիության: Ընկերությունների համար առաջարկվող պատժամիջոցները պետք է հաշվարկվեն իրենց տարեկան եկամտի 0,1%-ով, որը անմիջական ազդեցություն կունենա բաժնետերերի եկամտի վրա` արդյունքում ունենալով ավելի պատասխանատու կորպորատիվ կառավարում:

Սույն փաստաթղթին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ