Թվային տեխնոլոգիաները, որոնք մեծ հնարավորություններ են ստեղծում բիզնեսի ու սոցիալական կապերի զարգացման համար, նաև հնարավորություն են տալիս պետական ու խոշոր մասնավոր կազմակերպություններին հսկել մարդկանց տեղաշարժը, սոցիալական վարքը և նույնիսկ ազդել նրանց ընտրության վրա թե՛ քաղաքական, թե՛ առևտրային որոշումներ կայացնելիս։
Թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հսկել մարդկանց տեղաշարժը
Քաղաքական ուժերի և միջազգային խոշոր ընկերությունների կողմից թվային տեխնոլոգիաների օգտագործումը մարդկանց վարքի կողմնորոշման ու նրանց որոշման վրա ազդելու առնչությամբ լուրջ մտավախություն է առաջացնում ազատամիտ մարդկանց շրջանում և արդեն ստացել է «թվային բռնակառավարում» (digital dictatorship) անվանումը։
Գրեթե բոլոր ժողովրդավարական երկրներն արձագանքել են «թվային բռնակառավարման» ռիսկերին մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք արդեն իրագործվել են ԵՄ «Անձնական տվյալների ընդհանուր կանոնակարգի» (General Data Protection Regulation կամ GDPR) ընդունմամբ և լայն քննարկման թեմա են դարձել այնպիսի խոշոր թվային շուկաներում, ինչպիսիք ԱՄՆ-ի և Ճապոնիայի շուկաներն են։
Սա բացարձակ չի նշանակում, որ այդ երկրներում թվային բռնակառավարման վտանգը վերացել կամ լուծում է ստացել։ Ոչ, այդ երկրներում ևս թվային տեխնոլոգիաների չարաշահման բազմաթիվ խնդիրներ կան, և քաղաքացիական հասարակությունը շարունակում է պայքարել դրանց դեմ։
Ի տարբերություն ժողովրդավարական երկրների, խոշոր բռնապետությունները, օրինակ Չինաստանն ու Ռուսաստանը, ակտիվորեն կիրառում են թվային տեխնոլոգիաներն իրենց քաղաքացիների ազատություններն ու իրավունքները սահմանափակելու, ընդդիմադիր ուժերի դեմ պայքարելու համար։ Խոշոր առևտրային ընկերությունները մեծ պատրաստակամությամբ աջակցում են բռնապետություններին այդ գործում՝ իրենց բաժին օգուտը քաղելով դրանից։
Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում թվային տեխնոլոգիաներն արագ ներթափանցեցին պետական կառավարման ու առևտրային ոլորտներ։ Չնայած Հայաստանը, լինելով ԵԽ անդամ երկիր, ստորագրել ու վավերացրել է «Ավտոմատ համակարգերում մշակվող անձնական տվյալների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան և ընդունել է համապատասխան օրենք, ընդհանուր իրավիճակն այս ոլորտում մտավախություն է առաջացնում հայաստանյան իրավապաշտպանների շրջանում։
«Թվային օրակարգ» նախաձեռնությունը միավորել է մի քանի կազմակերպության, որոնք գտնում են, որ այսօր Հայաստանում առկա է թվային տեխնոլոգիաներն ի վնաս ժողովրդավարության ու մարդու իրավունքների և ազատությունների օգտագործելու լուրջ վտանգ։ Չնայած երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցած էական փոփոխություններին, նոր իշխանությունները շատ անգամ չարաշահում են ժողովրդի կողմից ստացված վստահությունը և, կիրառելով թվային տեխնոլոգիաները, գործում են ոչ թափանցիկ, որոշ դեպքերում անտեսում են նույնիսկ օրենքն ու միջազգային իրավունքը։
Առաջին ահազանգը հնչեցվել է 2019 թ․սեպտեմբերին, երբ փորձ արվեց Ինտերնետ ցանցի բաժանորդների անձնական տվյալները հետաքննություն իրականացնող ծառայությունների համար պահպանելու մասին որոշում ընդունել, որը սակայն ձախողվեց շնորհիվ հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերի։
Երկրորդ անգամ իշխանություններն արտակարգ դրությամբ սահմանափակված քաղաքական ազատությունների պայմաններում լրացում կատարեցին արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում՝ ստանալով անձնական տվյալները մշակելու իրավունք առանց դրանց գաղտնիությունը պահպանելու և չարաշահումները բացառելու երաշխիքների։
«Թվային օրակարգ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունը նպատակ ունի մշակել ընդհանուր քաղաքական ուղեցույց և մասնակի օրենսդրական փոփոխություններ, որոնք իրագործելու դեպքում կերաշխավորվի հայաստանցիների թվային իրավունքների պաշտպանությունը և ազատությունների նվազագույն ծավալով սահմանափոկումներին։ Սակայն ՀԿ-ների փոքր խումբը չի կարող հաջողության հասնել առանց հասարակության լայն շերտերի աջակցության։ Նախաձեռնության մասնակիցներն աշխատում են իրազեկել հասարակությանը թվային բռնակառավարման վտանգների մասին ու ձեռք բերել հասարակության տարբեր շերտերի աջակցությունը դրա դեմ պայքարելու համար։
Նախաձեռնության մասնակիցները համոզված են, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի օգտվել համացանցից առանց բացահայտելու իր անձնը (անանուն), արգելել որևէ մեկի կողմից առանց իր համաձայնության համացանցում իր վարքի մասին տվյալների պահպանումը կամ հավաքագրումը։ Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակումը պետք է լինի թափանցիկ՝ պահպանելով տեղեկատվական անվտանգության հնարավոր բարձր չափանիշները, ինչն այսօր, ցավոք, տեղի չի ունենում։