Մասնակիցներ

«Թվային օրակարգ» նախաձեռնությունը միավորել է մի քանի կազմակերպության, որոնք գտնում են, որ այսօր Հայաստանում առկա է թվային տեխնոլոգիաներն ի վնաս ժողովրդավարության ու մարդու իրավունքների և ազատությունների օգտագործելու լուրջ վտանգ։ Փոխըմբռնման մասին հուշագիրը ստորև։

ՀՀ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների միջեւ համագործակցության մասին

22-ը ապրիլի 2020թ

Մենք՝ սույն նախաձեռնության անդամները,

Ընդունելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման ուղին ընտրած մի շարք այլ երկրներում նկատվում է համացանցում մտքի արտահայտության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված մարդու հիմնարար ազատությունների էական հետնահանջ,

Որոշում ենք միավորել մեր ջանքերը նման անցանկալի զարգացումը կանխելու գործում և համագործակցել սույն Հուշարգրում ամրագրված սկզբունքներին համաձայն.

1. Համագործակցության նպատակները

Սույն Հուշագրի շրջանակներում կողմերը ղեկավարվում են հետեւյալ նպատակներով՝

  1. Միավորել բոլոր ջանքերը՝ ձևավորելու քաղաքական օրակարգ տեղեկատվական հասարակության պայմաններում մարդու հիմնարար իրավունքները (այսուհետ՝ թվային իրավունքներ) պաշտպանելու համար,
  2. Յուրաքանչյուրն իր որոլորտում եւ գործունեության շրջանակներում իրականացնում է առավելագույնը՝ մշակված եւ համաձայնեցված օրակարգն իրագործելու համար՝ ղեկավարվելով օրակարգում ամրագրված միասնական մոտեցումներով,
  3. Գործել համատեղ թվային իրավունքների մասին հանրության լայն շրջանակների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ,
  4. Քաղաքացիական հասարակությանն ապահովել թվային միջավայրում մարդու իրավունքներին առնչվող կարեւորագույն հարցերի վերաբերյալ ուղեցույցով (Թվային իրավունքների օրակարգ)։
  5. Կազմակերպել շահերի պաշտպանության միջոցառումներ Թվային իրավունքների օրակարգի եւ օրենսդրական նախագիծ-առաջարկների ներկայացման համար։

2. Համագործակցության ձեւաչափը

Սույն Հուշագրով սահմանված համագործակցության շրջանակներում Կողմերը համաձայնում են՝

  1. Պարբերաբար կազմակերպել եւ մասնակցել Հուշագրի նպատակների իրագործմանն ուղղված քննարկումներին, խորհրդակցություններին և հանրային միջոցառումներին.
  2. Փոխանակել կոալիցիայի մյուս անդամների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն,
  3. Աջակցել կոալիցիայի աշխատանքներին՝ բացահայտելու եւ լուծումներ առաջարկելու ոլորտին առնչվող բացերի եւ խնդրահարույց կարգավորումների վերաբերյալ։

Հուշագիրը չի բացառում Կողմերի համաձայնությամբ ընտրված, Հուշագրի նպատակներին համապատասխանող համագործակցության այլ ձևերի հնարավորությունը (սեմինարներ, կոնֆերանսներ և այլն)։

Հուշագիրը չի սահմանափակում նաև համագործակցությունն այլ կազմակերպությունների և համապատասխան շահագրգիռ անձանց հետ։

3. Համագործակցության համակարգումը

Սույն Հուշագրով սահմանված համագործակցությունը համակարգվում և վերահսկվում է Կողմերի միջեւ ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ՝ պարզ մեծամասնության սկզբունքով:

Կողմերը համաձայնվում են չհրապարակել որևէ տեղեկատվություն, որն իրենց տրամադրվել կամ հայտնի է դարձել սույն Հուշագրի շրջանակներում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկատվությունը հասանելի է հանրությանը, կամ երբ առկա է հրապարակման վերաբերյալ Կողմերի համաձայնությունը:

Կողմերը հանդիպում են ըստ անհրաժեշտության սույն Հուշագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքները քննարկելու, գնահատելու և հետագա աշխատանքները ծրագրելու նպատակով:

4. Ուժի մեջ մտնելը և դադարեցումը

Սույն Հուշագիրը Կողմերից յուրաքանչյուրի համար ուժի մեջ է մտնում տվյալ Կողմի կողմից այն ստորագրելու պահից եւ գործում է անժամկետ:

Յուրաքանչյուր Կողմ կարող է միակողմանիորեն, առանց որևէ պատճառի ետ կանչել (լուծել) սույն Հուշագիրը՝ այդ մասին առնվազն մեկ շաբաթ առաջ տեղեկացնելով մյուս Կողմերին:

Հուշագիրը կարող է նաև ետ կանչվել (լուծվել) կամ փոփոխվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:

5. Եզրափակիչ դրույթներ

Սույն Հուշագիրը Կողմերի համար որևէ ֆինանսական կամ այլ գույքային պարտավորություններ չի ստեղծում: Կողմերը գործում են բարեխղճության եւ բարոյական պարտավորության հիմքով։