Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՀՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների վերաբերյալ իրավաբանական ակնարկ (դիտարկում)

Ի պատասխան նոր կորոնավիրուսի համավարակի հնարավոր բռնկմանը` ՀՀ կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն (կառավարության 16.03.2020 թ. N 298-Ն որոշում)` կիրառելով աննախադեպ սահմանափակումներ քաղաքացիական իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: Իշխանությունները կիրառել են լայնածավալ սահմանափակումներ, մասնավորապես` միջսահմանային ճանապարհորդությունների նկատմամբ և զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, ներառյալ՝ անձնական կայքերում և սոցիալական ցանցերում գրառումների նկատմամբ:

ՀՀ Քրեական օրենսգրքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կառավարության նախաձեռնած համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը հաստատվել է Ազգային ժողովի կողմից` լիարժեքորեն  վերահսկվով իշխող կուսակցության մեծամասնության կողմից: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նոր դրույթները սահմանում են տուգանքներ, որոնք կարող են կիրառվել ԶԼՄ-ների նկատմամբ` Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ արգելված տեղեկատվության հրապարակման համար: Սկզբում առաջարկվող օրենքի նախագիծը նախատեսում էր սահմանափակումներ կիրառել նաև անձնական կայքերում և սոցիալական ցանցերում անհատական գրառումների նկատմամբ, բայց ԶԼՄ-ների և իրավապաշտպանների խիստ քննադատությունից հետո դրանք հանվեցին: Փաթեթն ընդունվել է 2020 թվականի մարտի 24-ին և անմիջապես ուժի մեջ է մտել:

ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներին զուգահեռ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք փոփոխություններ, որոնք սահմանում են վարչական տուգանքներ մեկուսացման և ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու կամ արտակարգ դրության ժամանակ (պայմանավորված ոչ միայն բնական աղետներով կամ համաճարակներով, այլև սահմանադրական կարգին անմիջական վտանգի սպառնալիքով) սահմանված ցանկացած այլ սահմանափակումներ խախտելու դեպքում, ինչպես նաև սահմանում են քրեական պատասխանատվություն արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մեկ կամ ավելի անձանց վարակում:

Քաղաքացիական իրավունքների և ազատությունների վերջին սահմանափակումները նախաձեռնել է ՀՀ կառավարությունը 2020 թվականի մարտի 30-ին, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից նույն օրը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է կատարվել` լրացնելով նոր 9.1 հոդվածով, որը կառավարությանը հնարավորություն է տալիս հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներից պահանջել քաղաքացիների  տեղորոշման տվյալները և հեռախոսազանգերի տեղեկամատյանները (զանգերի լոգերը): Փոփոխությունները նաև հնարավորություն են տալիս կառավարությանը հիվանդանոցներից և բժշկական այլ կազմակերպություններից պահանջել քաղաքացիների  առողջության վերաբերյալ տվյալներ (ներառյալ բժշկական գաղտնիք պարունակող):

Լրամշակված 9.1 հոդվածի 10-րդ մասը նաև հնարավորություն է տալիս կառավարությանը էլեկտրոնային տեղորոշման անհատական միջոցներ պարտադրել բոլոր քաղաքացիների կամ որոշ խմբերի նկատմամբ, ովքեր կպարտավորվեն իրենց հեռախոսներում ներբեռնել համապատասխան հավելվածներ: Էլեկտրոնային տեղորոշման անհատական միջոցների կիրառման պարտադիր լինելու դեպքերում դրանք չկիրառելը, ինչպես նաև դիտավորյալ դրանց ապաակտիվացումը (անջատումը) համարվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջների խախտում և ենթակա է վարչական պատասխանատվության:

Ազգային ժողովը նաև փոփոխեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքը և 49-րդ հոդվածը լրացրեց նոր պարբերությամբ, որը էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորներին պարտավորեցնում է իշխանություններին տրամադրել օգտատերերի գտնվելու վայրի տվյալները և զանգերի տեղեկամատյանները (զանգերի լոգերը)` համաձայն արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ կառավարության կողմից սահմանած կանոնների:

Հեղինակ՝ Դավիթ Սանդուխչյան